Տեսական քննության կարգը

Վճարը

Տեսական քննությանը մասնակցելու համար պետք է վճարել 3000 ՀՀ դրամ։ Վճարումը կարող եք անել քննական բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալներով կամ առկա բանկի մասնաճյուղերում։

Փաստաթղթերը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ներկայացնեն անձնագիր կամ նույնականացման քարտ  (ID CARD)։

Ինչ լեզուներով կարելի է քննություն հանձնել

Տեսական քննություններն անցկացվում են  հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն կամ արաբերեն:

Քննության բովանդակային մասը

Տեսական քննություններն անցկացվում են 2 մասից բաղկացած համակարգչային թեստերի միջոցով`

  1. հոգեբանական թեստ.
  2. գիտելիքների ստուգման թեստ:

Հոգեբանական թեստ

Հոգեբանական թեստը բաղկացած է պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 3 հարցերից։ Աջից ներկայացված նկարը այդպիսի օրինակ է

Քննություն հանձնողը պարտավոր է ճիշտ պատասխանել 3 հարցերին։

Նույնիսկ մեկ սխալի դեպքում չի թույլատրվում անցնել հաջորդ փուլ։

Գիտելիքների ստուգման թեստ 

Գիտելիքների ստուգման թեստը կազմված է պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 20 հարցերից։

Տեսական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննություն հանձնողը գիտելիքների ստուգման թեստի հարցերից առնվազն 18-ին տվել է ճիշտ պատասխան։

Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 30 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է:

Գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը բաղկացած է հետևյալ բաժիններից`

  1. հարցեր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքից (յուրաքանչյուր թեստում` 2 հարց),
  2.  հարցեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման՝
    • ճանապարհային երթևեկության կանոնները (յուրաքանչյուր թեստում` 15 հարց),
    •  տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը (յուրաքանչյուր թեստում` 2 հարց),
  3.  հարցեր երթևեկության մասնակիցների կյանքի անվտանգության և պատահարների դեպքում առաջին օգնության և ինքնօգնության քայլերի վերաբերյալ (յուրաքանչյուր թեստում` 1 հարց):